Նկարում պատկերված է Շվեյցարիայում քաղաքական սկանդալի կիզակետում հայտնված Զոտտել անունով այծը: Զոտտելը 2006 թվականից Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության (SVP) թալիսմանն է:
2007 թվականին այծը «մասնակցել է» խորհրդարանական ընտրություններին ու հաջողություն բերել կուսակցությանը՝ «ապահովելով» 28.9% ձայն: Հարցումները ցույց են տալիս, որ առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների ժամանակ SVP-ն կարող է ստանալ ձայների մոտ 30%-ը:
Եվ ահա, հոկտեմբերի 14-ի երեկոյան Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Էռնստ Շիբլիի՝ Ցյուրիխում գտնվող տանը կից իրենց կացարանից առևանգվել են Զոտտելը և նրա ընկերուհի Միմոն:
Պատգամավոր Շիբլին ասում է, որ դեռ ամառվանից ինքը սպառնալից զանգեր է ստացել, որոնցով անհայտ անձինք անիծել են Զոտտելին, ինչից հետո պատգամավորը սկսել է խիստ մտահոգվել այծի ճակատագրով:
Մինչ Ցյուրիխի ոստիկանությունից տեղեկացրել են, որ իրենք քննում են մի քանի վարկածներ, հայտնի է դարձել, որ այծին առևանգել են հակաֆաշիստները, ովքեր հայտարարել են, թե պատրաստվում են դատել Զոտտելին: Այծը մեղադրվում է «ֆաշիզմի տարածմանը, ոստիկանապետության ստեղծմանը, ծախու ժողովրդավարությանն աջակցելու և աշխատավոր դասակարգի նկատմամբ թշնամանք հրահրելու մեջ»:
