Ֆեյսբուքի՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի՝ «պարոն Ծառուկյանի» ֆան կլուբի վերածվելը հիշեցրեց այս «հարցազրույցը մտավորականի հետ»:
Նրանք չեն զբաղվում քաղաքականությամբ
Քաղաքականությամբ չզբաղվող մտավորականի կերպարը, թերեւս, ամենամոդայիկն է Հայաստանում: Մարդկային մի տեսակ, որ վերնաշապիկի օձիքի տակից մետաքսե թաշկինակ է կապում, շաբաթը մեկ պիձիկյուր անում, սրճարանային երեկոներում տնկում միջնամատն ու ցուցամատը եւ երկար-բարակ ծխախոտ պահում դրանց արանքում:
Մշտապես լողացած է եւ սափրված` անհրաժեշտության դեպքում իշխանությանը քսմսվելուն պատրաստ լինելու համար: Քսմսվել` ցանկացած պահի պատրաստ է, բայց քաղաքականությամբ չի զբաղվում: Կարող է անվերջ գովել Սերժ Սարգսյանին, որը մի անգամ իմացել է, որ ինքը` բազմիցս առնական հայ տղամարդու կերպար մարմնավորած այդ մեծանուն արտիստը, եղունգների լաքի փող չունի եւ փող է ուղարկել իրեն: Ինչպե՞ս կարող է մեծանուն արտիստը մոռանալ նյութական իմաստով փոքր, բայց բարոյական իմաստով ահռելի այդ արարքը, որը վկայում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք գործ ունենք անգերազանցելի լիդերի, մեծության հետ` բառիս ոչ թե ֆիզիկական, այլ բարոյախրատական եւ խոհափիլիսոփայական իմաստով:
Մշտապես լողացած է եւ սափրված` անհրաժեշտության դեպքում իշխանությանը քսմսվելուն պատրաստ լինելու համար: Քսմսվել` ցանկացած պահի պատրաստ է, բայց քաղաքականությամբ չի զբաղվում: Կարող է անվերջ գովել Սերժ Սարգսյանին, որը մի անգամ իմացել է, որ ինքը` բազմիցս առնական հայ տղամարդու կերպար մարմնավորած այդ մեծանուն արտիստը, եղունգների լաքի փող չունի եւ փող է ուղարկել իրեն: Ինչպե՞ս կարող է մեծանուն արտիստը մոռանալ նյութական իմաստով փոքր, բայց բարոյական իմաստով ահռելի այդ արարքը, որը վկայում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք գործ ունենք անգերազանցելի լիդերի, մեծության հետ` բառիս ոչ թե ֆիզիկական, այլ բարոյախրատական եւ խոհափիլիսոփայական իմաստով:
- Իսկ ի՞նչ կասեք բանակում ծայր առած սպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին:
- Գիտե՞ք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց կարող եմ միանշանակ պնդել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծություն է եւ ամիսը 50 լիտր բենզին է հատկացնում հայ արվեստի զարգացմանը: Նման մեկենասության մասին կերազեր անգամ Մովսես Խորենացին: Օհանյանը գիտի, որ արվեստի մեջ է ազգի ապագան, եւ արվեստը հովանավորելով` նա հովանավորում է մեր ազգի պայծառ ապագան:
- Մաեստրո, իսկ ինչպե՞ս հաղթահարել անարդարության զգացումը, որ համակել է մեր երկրի քաղաքացիներին:
- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Աթոռակռիվը ինձ չի հետաքրքրում, ես բարձր արժեքների ստրուկ եմ, ես չեմ իջնի իմ բարձրությունից: Չեմ թաքցնի` այո, քվեարկել եմ Սերժ Սարգսյանի օգտին եւ այդպես վարվելու եմ միշտ: Ինչ վերաբերվում է արդարադատության նախարարին, ես ուղղակի ցնցված եմ նրա գրագիտությունից, խորաթափանցությունից: Վերջերս, օրինակ, իմ ուսանողուհիներից մեկը շառ էր անում ինձ վրա, թե քննություն նշանակելու դիմաց ցանկացել եմ կրծքերը համբուրել: Բայց արդարադատության նախարարի գրագիտության եւ խորաթափանցության արդյունքում գործը կարճվեց: Այնպես որ, արդարություն կա՛ մեր երկրում:
- Բայց ոստիկանության գործունեությունը մտահոգություններ է առաջացնում: Նույնիսկ քաղաքացիներ են մահանում ոստիկանության բաժիններում, մինչդեռ ոստիկանապետը որակում է դա որպես ինքնասպանություն:
- Մեր ոստիկանապետը հզոր անձնավորություն է եւ արդարամիտ: Վերջերս, օրինակ, իմ ուսանողներից մեկը շառ էր արել ինձ վրա, թե քննություն նշանակելու դիմաց ցանկացել եմ համբուրել նրա… էական չէ թե ինչը: Մինչդեռ ոստիկանական քննությունը պարզեց, որ հենց այդ ուսանողն է ցանկացել համբուրել ինձ, որպեսզի քննություն ստանա: Ես չեմ ուզում այս հարցազրույցի մեջ խոսել ցուրտ եւ մութ տարիների մասին, երբ մարդիկ զուրկ էին նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներից: Եղունգի լաքն ինչ է, չէր ճարվում եւ ոչ էլ` ձեռքերի կրեմը: Հիմա զարգացումն ակնհայտ է. եղունգի լաքը գնում է շան ոտքի հետ, ձեռքերի կրեմը` տեսակ-տեսակ… Արվեստը գնահատվում է, եւ ես դրա ամենավառ ապացույցն եմ: Ես զարմանում եմ, թե որքան ուշադիր է մեր նկատմամբ ոստիկանապետը: Նույնիսկ ոստիկանությանը կից հանրային խորհուրդ է ստեղծել, որտեղ հավաքվել են ամենաակնառու մտավոռականները: Ամիսը մեկ անգամ հավաքվում ենք խաշ ու խորոված ուտելու: Ես, իհարկե, նախընտրում եմ ժուլյենը:
- Իսկ օլիգարխները ձեզ չե՞ն անհանգստացնում:
- Չէ՞ որ ձեզ ասացի` ես չեմ զբաղվում քաղաքականությամբ: Լեւոնականին հարիր հարցեր եք տալիս: Մի՞թե մեր երկրում լավ բան չկա, ինչո՞ւ եք ուզում սեւացնել մեր բազմաչարչար հայրենիքը: Մի՞թե դուք չեք տեսնում մեր հսկաներին, ովքեր բլինչիկից բռնած` նոր տարվա օգնություն են տալիս արվեստի նվիրյալներին: Բազմիցս եմ ասել` ինձ համար այդ ճարպոտ, սալոտ խոզի բդից մի՛ բերեք, մի՛ բերեք, բերեք միայն նրբահամ կերակուրներ: Բայց չեն լսում ինձ այդ լկտիները, եւ նրանց լկտիության մեջ ինչ-որ գրավիչ բան կա:
Այսպես, ահա` նյութս տիպային հարցազրույց ստացվեց քաղաքականությամբ չզբաղվող մտավորականների համար: Նրանցից յուրաքանչյուրը իր նախասիրությունն ունի` մեկը ժուլյեն է սիրում, մյուսը` խաշլամա, մեկը աղջիկներին է սիրում, մյուսը` բացառապես տղաների: Նրանք բոլորը, սակայն, մի ընդհանրություն ունեն. նրանք չեն զբաղվում, բացարձակապես չեն զբաղվում քաղաքականությամբ:
