ՀԺ-ն այսօրվա համարում գրում է. «Ախթալայի և շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչներ ստորագրել են «Ախթալայի ԼՀԿ» սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագրի տակ, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի։ Ստորագրությունները կցված են քրգործին և կազմում են 1,5 հատոր։ Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ։
Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ գործում առկա են իր պաշտպանյալին սատարող ստորագրություններ։ Սերոբ Տեր-Պողոսյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, և լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից։ Տուժողները Ախթալայում բնակվող պատանիներ և երիտասարդներ են, և նրանց ծնողները դատարանում ոչ միայն Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ բողոք չեն ներկայացնում, այլև նրա հասցեին գովեստի խոսքեր են շռայլում ու շնորհակալություն հայտնում՝ իրենց ֆինանսապես օգնելու համար։ Դատավարությունը ներկայումս գտնվում է տուժողների հարցաքննության փուլում»։
Հիշեցնեմ, որ դատական վերջին նիստի ժամանակ Ս.Տեր-Պողոսյանի զոհերից (դրանք պաշտոնապես մոտ 10 տղա երեխաներ են) մեկի ծնողներից մեկը մանկապղծության փաստը ջրի երես հանող լրագրողներից մեկին սպառնացել էր, ասելով. «Դու դեռ պատասխան ես տալու»: Ծնողները չեն համակերպվում փաստի հետ, որ զրկվել են «եկամտից». Ս.Տեր-Պողոսյանը պարբերաբար վճարել է երեխաներին՝ ընդհուպ մինչև 300 հազար դրամի չափով:
